Բռնցքամարտի հավաքականի մարզիչը հրաժարական է տվել
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական տվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մոտ երկու տարի Հայաստանում գործում էր բռնցքամարտի երկու ֆեդերացիա` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան և Հայկական ազգային ֆեդերացիան: Հավաքական թիմը բաժանված էր երկու մասի, և մարզիկները նույնիսկ չէին մարզվում միասին:
Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը:
Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագրերը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ նշեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ կուտակելու հնարավորություններ:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեցին 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: