Թուրքիայում կա մտավախություն, որ իշխանությունները փորձում են վերահսկել նաև սոցիալական ցանցերը
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող ինտերնետային Dokuz8Haber լրատվական ծառայությունն իր հաղորդագրությունները կազմում է արհեստավարժ լրագրողների եւ տարբեր քաղաքացիներից ստացված լուրերի հիման վրա: Այն նաեւ օգտվում է սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրություններից, ինչը մինչեւ վերջերս Թուրքիայում անկախ լրագրության հարթակ էր համարվում:
Ինչպես ծառայության գլխավոր խմբագիր Գոխան Բիջիչին է ասում, լրատվական համակարգի իննսուն տոկոսոն այսօր գտնվում է պետական վերահսկողության ներքո: ‘’Լրատվությունն այսօր դարձել է կառավարության զենքն` ընդդեմ հասարակության: Այնպես որ, մարդիկ արժանահավատ լուրեր ստանալու համար հիմա միայն վստահում են սոցիալական ցանցերին’’, ասում է նա:
‘’Լրագրողներ` առանց սահմանների” կազմակերպությունը մամուլի ազատության բնագավառում Թուրքիան դասել է 153-րդ տեղում:
Այժմ երկրի կառավարությունը ցանկանում է իր վերահսկողությունը տարածել նաեւ ինտերնետային կայքերի վրա, եւ դրա համար սոցիալական ցանցեր ապահովող կազմակերպություններին հրավիրում է իրենց գրասենյակները բացել Թուրքիայում: Սա նշանակում է, որ այդ ընկերությունները կարող են հայտնվել թուրքական իրավասության ներքո: Անկարան պնդում է, որ դա ուզում է իրականացնել այնպես, ինչպես տեղի է ունենում եվրոպական երկրներում: Սակայն հարցն այն է, թե արդյոք Թուրքիան կգործի եվրոպական սկզբունքներով, թե առիթը կօգտագործի ճնշումներ բանեցնելու համար:
Twitter, Google, Facebook, Tiktok ու մի շարք այլ ընկերություններ արդեն իսկ ունեն գրասենյակներ Ստամբուլում: Twitter-ը տեղեկացնում է, որ Թուրքիան հաճախ է ներկայացնում այս կամ այն հաղորդագրությունը կամ օգտատերերին ցանցից հանելու պահանջներ: Սակայն ընկերությունը մինչ այժմ համաձայնվել է դա անել միայն մի քանի դեպքերում:
Բայց Dokuz8haber-ն ու ինտերնետային մի քանի այլ կայքեր ունեն մտավախություն, որ սոցիալական հարթակներն աստիճանաբար կսկսեն ենթարկվել Թուրքիայի իշխանություններին:
Սոցիալական մի շարք հարթակներ հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ հավատարիմ են մնալու խոսքի ազատությանը, եւ շարունակում են հենվել սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունների վրա: