ԱՄՆ-ում սկաուտները կորոնավիրուսի ֆոնին թխվածքաբլիթներ են առաքում անօդաչուների միջոցով
ԱՄՆ Վիրջինիա նահանգի սկաուտ աղջիկների խորհուրդը կորոնավիրուսի ֆոնին առաջարկում է թխվածքաբլիթների առաքման ժամանակակից տարբերակ՝ առաքում անօդաչուներով։
Նշվում է, որ սկաուտներն իրենց նախաձեռնությունն իրականացնում են Wing-ի (Alphabet-ի դուստր ընկերությունն է, որը փոքր փաթեթների առաքման համար ստեղծում է անօդաչու թռչող սարքեր և նավիգացիոն համակարգեր) հետ համագործակցությամբ։
«Նույնիսկ COVID-ի սահմանափակումների թուլացման պայմաններում այս տարի մթերային խանութներից դուրս թխվածքաբլիթների վաճառքը նախորդ տարիների համեմատ նվազել է մոտ 50%-ով»,- USA Today-ին տված հարցազրույցում ասել է Wing-ի ներկայացուցիչ Լիա Ռայխը՝ ընդգծելով, որ այդ պատճառով էլ որոշել են օգնել սկաուտ աղջիկներին։
Նրա խոսքով՝ գնորդներն իրենց պատվերները շուտով կկարողանան կատարել Wing հավելվածի կամ կայքի միջոցով։ Ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է առաքել առնվազն 3000 տուփ թխվածքաբլիթ, սակայն դրանց թիվը կարող է աճել՝ կախված պահանջարկից: