Մոսկվան երկար չի հանդուրժի Եվրոպայի ներկայիս պահվածքը ՌԴ-ի նկատմամբ. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մոսկվան մտադիր չէ երկար ժամանակ հանդուրժել եվրոպական մի շարք երկրների պահվածքը Ռուսաստանի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Այն ինչ կատարվում է Չեխիայում և թե ինչպես են բուլղարացիներն ու մյուսները միանում նրանց՝ ի նշան համերաշխության, այլևս չենք հանդուրժելու։ Եվ մենք դա հստակ ցույց ենք տալիս», - ասել է Պեսկովը` անդրադառնալով Բալթյան երկրներին և այլ պետություններին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել Պրահային և Սոֆիային:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ շիզոֆրենիայի նշաններ է տեսնում Չեխիայի ղեկավարության հայտարարություններում՝ կապված Վրբետիցեում տեղակայված զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին Ռուսաստանի ենթադրյալ մասնակցության հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:
ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: