«Դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար». ՌԴ Պետդումայում գնահատել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցերի ներկայացմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն ամերիկյան դատարաններում բազմաթիվ դատական հայցերով է սպառնում ընդդեմ Թուրքիայի, և դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար»,-ասել է Սլուցկին առցանց ճեպազրույցի ժամանակ:
Նա ավելացրել է, որ «անհնազանդ Անկարան նյարդայնացնում է ամերիկյան ղեկավարությանը»: Նա բացատրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, ներառյալ Թուրքիայի կողմից С-400- ների գնումը, նույնպես նյարդայնացնում է ԱՄՆ-ին: «Ուստի, այո, սա (С-400-ը) Բայդենի և Պետդեպարտամենտի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիմնավորման տարբերակներից մեկն է»,-նշել է Սլուցկին:
Հիշեցնենք, որ Բայդենն այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում կիրառել էր «ցեղասպանություն» եզրույթը:
Ռուսական նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: