ԱՄՆ պետքարտուղարն ու Ալիևը քննարկել են Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ԼՂ-ն և տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 28-ին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած մամուլի հաղորդագրությունից:
Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևը կարևորել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընկերության կայուն կարևորությունը և քննարկել մի շարք հարցեր:
Պետքարտուղարը կարևորել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը և նշել, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` բանակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար` ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց, ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Ալիևի մամուլի ծառայությանը:
Զրույցի ընթացքում Ալիևն անդրադարձել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից արված հայտարարության թեմային՝ ընդգծելով, որ «Թուրքիան Ադրբեջանի մտերիմ ընկերն ու դաշնակիցն է: Նա նշել է, որ Թուրքիան շատ կարևոր և դրական դեր ունի հետպատերազմյան տարածաշրջանում, և Բայդենի խոսքերը երկրի ղեկավարությունը և հասարակությունը մտահոգությամբ են ընդունել»:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել է մամուլի ծառայությունը: Ալիևն ընդգծել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: