Թուրքիան «Սպուտնիկ V»-ի 50 միլիոն դեղաչափ ձեռք կբերի
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոչան ասել է, որ առաջիկա երկու ամիսվա ընթացքում երկիրը դժվարություններ կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում և հավելել, որ նոր համաձայնություն է ձեռք բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 50 միլիոն դեղաչափ ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է Ahval թերթը։
«Թուրքիան երկու ամիս անց պատվաստանյութերի առատություն կզգա, սակայն առաջիկա երկու ամսվա ընթացքում պատվաստանյութ ձեռք բերելը դժվար կլինի», - ասել է առողջապահության նախարարը:
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը սկսվել է հունվարին՝ չինական Sinovac և ամերիկյան Pfizer դեղամիջոցներով։ Առայսօր իրականացվել է 22 միլիոն պատվաստում։
«Մենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվության վերջին փուլում ենք և վեց ամսվա ընթացքում 50 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ստանալու վերաբերյալ գործարք ենք կնքել», - նշել է Ֆահրեթթին Քոչան:
Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, հղում տալով Ռուսաստանի Դաշնության ուղղակի ներդրումների հիմնադրամին, նշել էր, որ թուրքական դեղագործական ընկերություններն իրենց գործարաններում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ են արտադրելու։