«Շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խուսափեն ռուսական զենքի հետագա գնումից, ներառյալ լրացուցիչ C-400-ները». ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցները պետք է զերծ մնան ռուսական զենքի հետագա գնումներից՝ սպառնալով ավելի մեծ պատժամիջոցների հնարավորությամբ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում C-400 համակարգերի 2-րդ խմբաքանակը ստանալու համար:
«Ապագայում նաև շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խուսափեն ռուսական զենքի հետագա գնումից, ներառյալ լրացուցիչ C-400-ները»,-հայտարարել է Բլինկենը:
«Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների հետ ցանկացած նշանակալի գործարք, ևս, կարող է ենթակա լինել CAATSA-ի օրենքին` առանձին արդեն սահմանված պատժամիջոցներից և ի լրացում դրանց»,-ասել է նա` նկատի ունենալով «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին օրենքը, որը նախատեսված է երկրներին Ռուսաստանից ռազմական տեխնիկա գնելուց հետ պահելու համար:
Ռուսական նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: