Թուրքիան անցնում է ամբողջական «լոքդաունի». այն կտևի մինչ մայիսի 17-ը
Թուրքիան, կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, պատրաստվում է ընդհանուր «լոքդաունի», հայտնում է BBC-ն և հավելում, որ անցյալ տարի այս ժամանակահատվածում Թուրքիան համավարակի մարտահրավերին դիմակայած երկրների թվում էր և նույնիսկ գովասանքի էր արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, իսկ այժմ գտնվում է համավարակից ամենաշատ տուժած երկրների թվում։
Սահմանափակումների շնորհիվ մինչ ապրիլ վարակակիրների օրական թիվը մոտ 6 հազար էր, իսկ ապրիլին, սահմանափակումների մեղմացումից հետո, վարակակիրների օրական թիվն անցնում է 60 հազարը, իսկ վարակի հետևանքով մահերի օրական ցուցանիշը մոտ է 300-ին։
Քննադատությունների հետևանքով Թուրքիայում սահմանափակումները շուտ են վերացվել, երբ դեռ պատվաստումների արշավը չէր սկսվել, և դա հանգեցրել է վարակման դեպքերի աճի։ 82 միլիոն բնակչություն ունեցող երկրում մինչ այժմ պատվաստվել է ավելի քան 22 միլիոն մարդ՝ հիմնականում չինական Sinovac և գերմանա-ամերիկյան Pfizer-Biotech պատվաստանյութերով։
Երկրում սահմանափակումների նկատմամբ քննադատությունների պատճառներից մեկը՝ բազմամարդ հավաքների արգելքի պայմաններում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից համագումարներ անցկացնելն է։
Թուրքիան ամբողջական «լոքդաունի» կանցնի այսօր Երևանի ժամանակով ժամը 20։00-ին և այն կշարունակվի մինչև մայիսի 17-ը։
«Լոքդաունի» պայմանների համաձայն՝ մարդիկ տնից կարող են դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, տեղաշարժերը պիտի պետությա նկողմից հաստատված լինեն, հասարակական տրանսպորտում խիստ սահմանափակումներ կգործեն, դպրոցները փակ կլինեն և սահմանափակված կլինի ալկոհոլային խմիչքների վաճառքը։