Ուկրաինացի կինեմատոգրաֆիստները Ռոման Բալայանին նվիրված ֆիլմ են նկարահանում
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:
Ռոման Բալայանը թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում մեծ սեր և ճանաչում վայելող գործիչ է, խորհրդային կինոյի նշանավոր անուններից մեկը:
Ուկրաինացի կինոգործիչները Բալայանի ծննդյան 80-ամյակի առթիվ ֆիլմով կանդրադառնան նրա կյանքին, կինոյին ու գործունեությանը: «Բալայանի հորդորով նրանք առաջինը եղան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում՝ միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ քննարկելով ֆիլմի, հայաստանյան ու արցախյան ուղևորությունների, նկարահանումների հետ կապված բոլոր մանրամասները: Նրանք նկարահանումներ իրականացրին Երևանում՝ Փարաջանովի թանգարանում, Պանթեոնում, երևանյան փողոցներում, սրճարաններում ու ռեստորաններում, Երևանի կոնյակի գործարանում և բոլոր այն վայրերում, ուր սիրում է լինել Բալայանը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Կինոգործիչները եղել են նաև Գեղարդավանքում, Աշտարակում, Էջմիածնում և վայրերում, որոնք կապված են բալայանական կյանքի ու ապրած տարիների հետ:
Նկարահանել են նրա ընկերներին, մտերիմներին, գործընկերներին, որոնք սիրով ու գնահատումով խոսել են Ռոման Բալայան մարդու և ստեղծագործողի մասին:
Ուկրաինացիները ուղևորվել են նաև Արցախ՝ լինելով Բալայանի հայրենի գյուղում, նրա ազգականների ընտանիքներում, նրա սիրելի վայրերում:
«Վստահ ենք, որ շուտով հնարավորություն կունենանք տեսնելու սիրով, նվիրումով արված ֆիլմը Ռոման Բալայանի մասին, որ նույնն է, թե ֆիլմ Հայաստանի, Արցախի, հայի, հայկականության մասին: Իսկ առայժմ մի քանի լուսանկար, որոնք խոսում են ապագա ֆիլմի մասին»,- ասվում է հաղորդագրությունում: