ԱՄՆ-ն Իրանին կոչ է արել ապաէսկալացնել իրավիճակը Պարսից ծոցում. Պենտագոն
Երեքշաբթի Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները Իրանին կոչ են արել ապաէսկալացնել իրավիճակը Պարսից ծոցում։
Այս մասին գրված է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության կայքում։
Պատասխանելով ապրիլի 2-ին Պարսից ծոցի հարավում իրանական և ամերիկյան նավերի բախման մասին լրագրողի հարցին՝ Քիրբին նշել է, որ «ծովում ԻՀՊԿ-ի ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը նորություն չէ» և շեշտել, որ իրանական բանակի էլիտար ստորաբաժանման նման պահվածքը մտահոգիչ է:
«Մենք Իրանի ռազմածովային ուժերի կողմից նույն վարքագիծը չենք տեսնում: Դա հիմնականում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է և սովորաբար նրանց փոքր արագագնացները, ինչը շարունակում է մտահոգիչ լինել։ Եվ դա, իհարկե, ինչպես նախկինում արդեն ասել ենք, մեծացնում է սխալ հաշվարկի հնարավորությունները, որոնք, կարծում եմ, ոչ մեկին ձեռնտու չէ աշխարհի այդ կետում», - նշել է Քիրբին։
Պենտագոնի մամուլի խոսնակը նշել է, որ ամերիկյան ուժերը ցանկացած պարագայում ունեն ինքնապաշտպանության իրավունք։
Նախօրեին հաղորդվել էր, որ ԱՄՆ Ռազմածովային ուժերի Firebolt պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել Պարսից ծոցում իրեն մոտեցած Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց նավակների ուղղությամբ:
«Ապրիլի 26-ին Պարսից ծոցի հյուսիսային հատվածի միջազգային ջրերում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց 3 նավակ անհայտ նպատակներով արագ մոտեցել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի Firebolt նավին և ԱՄՆ առափնյա հսկողության Baranoff պարեկային նավին: Ամերիկյան նավերը միջազգային ջրերում անվտանգության ապահովման ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել»,- նշված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ ամերիկյան նավերի անձնակազմերը մի քանի անգամ բարձրախոսով իրանական նավակներին կոչ են արել դադարեցնել մանևրները: Արձակված մի քանի նախազգուշական կրակոցներից հետո, ըստ հաղորդագրության, իրանական նավակները հեռացել են անվտանգ տարածություն: