Վերլուծաբանները պարզել են` ինչպես է Բայդենի օրոք աշխարհում փոխվել մարդկանց վերաբերմունքն ԱՄՆ-ի հանդեպ
Միացյալ Նահանգների հանդեպ վերաբերմունքը երկրի 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո առաջին 100 օրվա արդյունքում բարելավվել է մի շարք երկրներում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին վկայում են Morning Consult ընկերության հրապարակած հարցման արդյունքները:
Հետազոտության շրջանակում ընկերության աշխատակիցները հարցում են անկացրել 14 երկրի չափահաս բնակիչների շրջանում: Դրանցից 12-ում վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ Բայդենի իշխանության օրոք փոխվել է դեպի լավը: Ընդհանուր առմամբ, ցուցանիշն աճել է 9 տոկոսով:
Ամենից լավ քաղաքական փոփոխություններն ընդունել են Գերմանիայում, որտեղ ԱՄՆ-ի վարկանիշը նոր վարչակազմի եռամսյա աշխատանքի արդյունքում բարելավվել է 47 տոկոսով:
Ռուսաստանում, չնայած երկու երկրի միջև հարաբերությունների վատթարացմանը, ԱՄՆ-ի մասին կարծիքը բնակիչների շրջանում ինչ-որ չափով բարելավվել է: ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող ռուսների թիվը 40 տոկոսից հասել է 43-ի:
ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքի բացասական փոփոխություններն ամենից շատ նկատվել են Չինաստանում, որտեղ Բայդենի վարչակազմի գալով վերաբերմունքը երկրի հանդեպ 13 տոկոսով վատացել է: Ընդհանուր առմամբ, Չինաստանի բնակիչների 74 տոկոսը ԱՄՆ-ն ընկալում է բացասական առնումով, իսկ 9 տոկոսը որոշակի կարծիք չունի և միայն 17 տոկոսն է երկրին դրականորեն վերաբերվում:
Հնդկաստանում ԱՄՆ-ին լավ է վերաբերվում հարցվածների 79 տոկոսը: Նրանց թիվը փոքր-ինչ ավելին է, քան հենց ԱՄՆ-ի բնակիչներինը, որոնց 78 տոկոսն է դրական արձագանքել տեղի ունեցող փոփոխություններին:
Հարցմանը, որն իրականացվել է ապրիլի 16-25-ը, մասնակցություն են ունեցել մոտ 1100 բնակիչ յուրաքանչյուր երկրից: