Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը
Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Կազմակերպությունը:
«Կազմակերպության նպատակներից է՝ սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ ևս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելը։ Միության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․
««ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ հիմնադրվել է 15․04․2021 թվականին ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանի, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Խաչատուրի Արզումանյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանի կողմից։ Կազմակերպությունը գործում է երկրի ողջ տարածքում (հասցե՝ Երևան, Պուշկինի 19, 4 հարկ, հեռախոսահամար՝ 011540045)։
Կազմակերպության նպատակն է
-պահեստազորում գտնվող սպաների՝ հայրենիքի նվիրյալ զինվորների, բարձր հեղինակությունը պահպանելն ու դրան աջակցելը,
-սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ ևս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելը,
-ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակելը, նրա դինամիկ զարգացումն ապահովելը,
-պահեստազորային սպայակազմի շահերը, իրավունքները պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում, դատական ատյաններում սպասարկելը։
Կազմակերպությունը բաց է անդամակցելու ցանկություն ունեցող պահեստազորի սպաների առաջ»,- ասված է հայտարարության մեջ։