Թուրքիայում աջակիցներին կորցնելով հանդերձ` Էրդողանը մնում է արաբական աշխարհի ամենահայտնի առաջնորդը․ Financial Times
Հակառակ նրան, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցնում է աջակցությունը երկրի ներսում, նա շարունակում է լինել ամենահայտնի առաջնորդն արաբական աշխարհի մեծ մասում, հայտնում է Financial Times-ը՝ հղում տալով անցյալ շաբաթ Arab Barometer-ի հրապարակած հարցումին, որին մասնակցել է արաբական աշխարհից ավելի քան 20 հազար մարդ։
Financial Times-ը հեգնաքով մատնանշում է, որ Էրդողանի պարագայում սա պարադոքս է, քանի որ վերջինս ամենահայտնի առաջնորդն է` չնայած, որ պարբերաբար «նեոօսմանական շքեղ թռիչքների է տրվում» և 2016 թվականից ի վեր անկլավներ է ստեղծել Սիրիայում և Իրաքում։
Ըստ հարցման արդյունքի` Էրդողանն իր հետևում է թողել Սաուդյան Արաբիայի թագաժառանգին և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին:
Լրատվականը նշել է, որ արաբական աշխարհը, որը թուլացել է ավտոկրատ կառավարիչների պատճառով, թուլություն ունի պոպուլիստ հերոսների նկատմամբ, ինչպիսին Եգիպտոսի հանգուցյալ առաջնորդ Գամալ Աբդել Նասերն էր, որը երկրպագուների մեծ բանակ ուներ։
Էրդողանի իշխանության ներքո վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիան գրոհներ է կազմակերպել Սիրիայի և Իրաքի քրդական զինյալ խմբավորումների դեմ, սարքավորումներ և կործանիչներ է մատակարարել Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի աջակցությունը վայելող լիբիական ընդդիմությանը, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ տարածաշրջանային խնդիրներին։ Ավելին, Էրդողանի կողմից փափուկ ուժի օգտագործումը, ինչպիսիք են օսմանիստական հռետորաբանությամբ հեռուստանախագծերը կամ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելը վնասակար են և «սրում են սուննիզմը, էթնիկ թուրքականությունն ու կոշտ իսլամական ազգայնականությունը։
Հրապարակման համաձայն՝ սա վտանգավոր է, քանի որ Թուրքիան միանում է այն թույնին, որն այլանդակել է Մերձավոր Արևելքը։