ԱՄՆ-ն մոտ 18 մլրդ դոլար կհատկացնի նոր կործանիչի մշակմանը․ այն կորսա ԿԺԴՀ-ի և Իրանի հրթիռները. Bloomberg
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը ծրագրում է մոտ 18 մլրդ դոլար հատկացնել ԿԺԴՀ-ի և Իրանի հրթիռները որսալու համար նոր կործանիչի մշակման, արտադրության և տեխնիկական սպասարկման համար: Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ նոր սերնդի կործանիչների կառուցման մրցույթին կմասնակցի երկու ընկերություն՝ Lockheed Martin Corp-ը և Northrop Grumman Corp-ը: Կործանիչների նախագծի զարգացման փուլում ընկերություններին կհատկացվի 13,1 մլրդ դոլար։
Երկու ընկերությունների ներկայացրած նախագծի քննարկումից հետո կորոշվի տվյալ փուլի հաղթողը, այդ գործընթացը, հավանաբար, կավարտվի 2026 թվականին:
Մշակման փուլի ավարտից հետո պետք է սկսվի 31 կալանիչ-կործանիչի շինարարությունը, որից 10-ը կօգտագործվի փորձարկումների համար։
Արտադրության փուլի արժեքը գնահատվում է 2,3 մլրդ դոլար: Բացի այդ, երկարաժամկետ լրացուցիչ ծախսերի համար կհատկացվի լրացուցիչ 2,3 մլրդ դոլար։
ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալությունում հայտարարել են, որ նոր սերնդի կործանիչը մտադիր են ցուցադրել «2028 թվականից ոչ ուշ»։
Ինչպես ընդգծում է գործակալությունը, կործանիչները նախատեսված են թշնամական պետությունների, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի և Իրանի թևավոր հրթիռների ոչնչացման համար: Դրանք մտադիր են տեղակայել Ալյասկայում։ Յուրաքանչյուր կործանիչի արժեքը գնահատվում է մոտ 498 մլն դոլար։
Գործակալությունը նշել է, որ այս նախագիծը կդառնա նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին խոշոր պաշտպանական պատվերը: