Զարիֆը մեկնաբանել է իր մասնավոր զրույցի ձայնագրության աղմկահարույց արտահոսքը
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ափսոսանք է հայտնել տնտեսագետ Սաիդ Լիլյազի հետ իր մասնավոր զրույցի ձայնագրության` ԶԼՄ-ներում արտահոսքի առնչությամբ և հայտարարել, որ ձայնագրության հրապարակումը վերածել են ներքին կոնֆլիկտի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խորապես ցավում եմ, որ դիվանագիտության և մարտի դաշտի միջև սիներգիայի շուրջ կարծիքների գաղտնի փոխանակումը, որի նպատակն է ապագա կառավարության կողմից անցյալ ութ տարվա արժեքավոր փորձի օգտագործումը, վերածվում է ներքին վիճաբանության»,- հայտնել է իրանցի նախարարը:
Հիշեցնենք, որ կիրակի տվյալ հարցազրույցի ձայնագրության առանձին մասեր էին հրապարակվել լրատվամիջոցներում: Զրույցի ընթացքում Զարիֆը խոսել էր Թեհրանի արտաքին քաղաքականության հարցում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մեծ դերակատարման մասին: Վերջինը նաև նշել էր, որ Մոսկվայի հետ բանակցություններում մեծ դեր է կատարել ԻՀՊԿ հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը սպանվել է մեկ տարի առաջ Իրաքում:
Տնտեսագետ Լիլյազը դատապարտել է ձայնագրությունների արտահոսքը ԶԼՄ-ներ` նշելով, որ խոստացել էր չխոսել դրա մասին:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ն ևս դատապարտել էր զրույցի հրապարակումը` նշելով, որ հրապարակված աուդիոֆայլը յոթժամանոց մասնավոր երկխոսությունից ծաղկաքաղ է, իսկ երկրի նախագահ Հասան Ռոհանին ազգային հետախուզությանը հանձնարարել է պարզել կատարվածի հանգամանքները: