Ալիևն իր խոսքում նշում է, որ արդեն սկսվել են աշխատանքները երկաթգծի կառուցման ուղղությամբ. Գաղտնի գործընթացներն ու կուլիսային պայմանավորվածություններն այս իշխանությունների համար ձեռագիր են դարձել. փորձագետ
Մինչ Հայաստանում ամենաբարձր մակարդակով պոպուլիստական ճառեր են հնչեցնում, թե Սյունիքով Ադրբեջանին միջանցքի տրամադրման պարագայում մենք էլ Նախիջևանի միջանցք կամ հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու, Բաքվում կոնկրետ աշխատանքներ են իրականացնում: Այս մասին Tert.am-ի զրույցում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին ելույթին:
«Ալիևն իր խոսքում նշում է, որ արդեն սկսվել են աշխատանքները երկաթգծի կառուցման ուղղությամբ, և որ դրան զուգահեռ կառուցվելու է նաև Նախիջևանի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհ: Սա բավական ուշագրավ հայտարարություն է, ինչը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի աճող ախորժակը և այն, որ Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող միջանցք տրամադրելու շուրջ քննարկումներն ակտիվ կերպով ընթանում են»,- նշեց փորձագետը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այստեղ ևս հստակ ընդգծված են Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները:
«Դեռ չունենք վերջնական համաձայնություն այդ միջանցքի տրամադրման հետ կապված, բայց Բաքվից արդեն նոր պահանջներ են հնչում, այս դեպքում՝ տրամադրվող միջանցքի լայնության հետ կապված, ինչը պիտի ներառի թե՛ երկաթգիծ, թե՛ ավտոմոբիլային ճանապարհ»,- նշեց Մխիթարյանը:
Փորձագետն ընդգծեց նաև այս համատեքստում պաշտոնական Երևանի դիրքորոշման անընդունելիությունը. «Մինչ մեր իշխանությունները հավաստիացնում են մեզ, որ Սյունիքով Ադրբեջանին միջանցքի տրամադրման հարց՝ այն իմաստով, որով ներկայացնում է Ադրբեջանը, չկա, մինչ պոպուլիստական ճառեր են հնչեցնում, թե նման պարագայում մենք էլ Նախիջևանի միջանցք կամ հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու, Բաքվում կոնկրետ աշխատանքներ են իրականացնում: Սա, առնվազն, հիմք է տալիս եզրահանգելու, որ որոշակի առաջընթաց կոմունիկացիաների բացման ու միջանցքի տրամադրման գործընթացներում, այնուամենայնիվ, կա»:
«Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունների այս կեցվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ գործընթացները գաղտնիության ներքո տանելու, կուլիսային պայմանավորվածություններով մեզ հերթական անգամ փաստի առաջ կանգնացնելու քաղաքականություն: Սա արդեն այսօրվա իշխանությունների համար ձեռագիր է դարձել»,- ամփոփեց փորձագետը: