«Եթե պատվաստված եք, ապա դրսում կարող եք դիմակ չկրել». Բայդենը դիմել է ամերիկացիներին
Միացյալ Նահանգներում լիարժեք պատվաստում ստացած մարդիկ այժմ կարող են հասարակական վայրեր դուրս գալ առանց դիմակի, եթե մարդաշատ վայրեր չեն այցելում, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ հղում տալով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և առողջապահական ոլորտի պաշտոնյաների հայտարարություններին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից նորացված ուղեցույցներում նշվում է, որ լիովին պատվաստված ամերիկացիները կարող են քայլել, հեծանիվ վարել, շփվել կամ այցելել բացօթյա ռեստորան առանց դիմակ կրելու:
«Չնայած մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու այս պայքարում, այնուամենայնիվ ցնցող առաջընթաց ենք գրանցել», - ասել է Բայդենը և հավելել, որ «վիրուսից անկախությունը նշելու» և երկիրը «նորմային մոտ» համարելու համար ամսաթիվ է սահմանել հուլիսի 4-ը՝ Միացյալ Նահանգների Անկախության օրը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին ասել է, որ այն մարդիկ, որոնք առնվազն երկու շաբաթ է, ինչ ստացել են Pfizer և Moderna պատվաստանյութերի 2 ներարկում, կամ Johnson & Johnson պատվաստանյութի մեկ ներակարկում, կարող են հասարակական վայրեր դուրս գալ առանց դիմակի։
Վալենսկին նշել է․ «Բազմաթիվ իրավիճակներ կան, երբ լիարժեք պատվաստված մարդիկ կարիք չունեն դիմակ կրելու, հատկապես եթե նրանք դրսում են»։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով` ԱՄՆ-ի չափահաս մարդկանց կեսից ավելին ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ մեկ երրորդից ավելին ամբողջությամբ պատվաստվել է։
Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակի տարածումից ի վեր Միացյալ Նահանգներում վարակի հետևանքով մահացել է ավելի քան 572 հազար մարդ և երկիրը վարակակիրների և վարակի հետևանքով մահացության դեպքերի թվով առաջատարն է ողջ աշխարհում։ Սակայն վերջին օրերին հիվանդանոցներում հիվանդների և մահացության դեպքերը նվազել են։