Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունը չի ազդի ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունների վրա. Պենտագոն (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս արած հայտարարությունը ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք չենք ակնկալում որևէ փոփոխություն Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, կարևոր դաշնակիցներից մեկը: Մենք չենք ակնկալում, որ նախագահի այս հայտարարությունը, որը նա արել է հանգստյան օրերին, ինչ-որ կերպ կազդի այդ հարաբերությունների վրա»,- հայտարարել է Քիրբին և միևնույն ժամանակ հույս հայտնել, որ երկների միջև ռազմական հարաբերություններն ավելի կբարելավվեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ջո Բայդենը, կատարելով նախընտրական խոստումը, ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբի իրադարձություններն անվանել էր Հայոց ցեղասպանություն: Մինչ այս ԱՄՆ նախկին ղեկավարները խուսափում էին այս եզրույթի կրառումից:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխելու նման վայրագության կրկնությունը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում»,- նշել էր ԱՄՆ նախագահը:
Անկարան մինչ օրս կտրականապես մերժում է 1915 թվականի իրադարձությունների նման բնութագիրը և հայտարարում է, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն էր, այլ եղբայրասպան պատերազմ, որի զոհերը և՛ հայեր էին, և՛ թուրքեր:
Քիրբիի պատասխանին կարող եք հետևել 19:00 վայրկյանից մինչև 20:00-ն: