Վաշինգտոնի իշխանությունները երկու հայցի կարգավորման շրջանակում համաձայնել են 2017թ. հունվարին ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի երդմնակալության ժամանակ ավելի քան 200 ցուցարարի ձերբակալման համար 1,6 մլն դոլար վճարել
Վաշինգտոնի իշխանությունները երկու հայցի կարգավորման շրջանակում համաձայնել են 2017 թվականի հունվարին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ ավելի քան 200 ցուցարարի ձերբակալման համար ավելի քան 1,6 մլն դոլար վճարել: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը։
Հայցվորները, որոնց շահերը ներկայացրել է «Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» իրավապաշտպան կազմակերպությունը (ACLU), պնդում էին՝ ոստիկանության աշխատակիցները խախտել են լրագրողների, դիտորդների և բողոքի մասնակիցների սահմանադրական իրավունքները՝ ձերբակալելով նրանց այն բանից հետո, երբ իրենց հետ կապ չունեցող ինչ-որ վանդալներ անկարգություններ են հրահրել Վաշինգտոնի կենտրոնում:
Մայրաքաղաքի շրջանի վարչակազմը, դատական փաստաթղթերի համաձայն, պարտավորվել է ավելի քան 600 հազար դոլար վճարել 6 հայցվորի, որոնց շահերը ներկայացնում է ACLU-ն, ինչպես նաև 1 միլիոն դոլար՝ մյուս 200 ձերբակալվածներին, որոնք պնդել են՝ իրավապահ մարմինների աշխատակիցները 16 ժամվա ընթացքում նրանց պահել են առանց սննդի, ջրի և զուգարան գնալու հնարավորության։
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերը և ոստիկանությունը հրաժարվել են մեկնաբանել դատական որոշումների հնարավոր ազդեցությունը ապագա ցույցերի վրա:
«Մենք այդ հարցը լուծել ենք», - հայտնել է քաղաքապետը։