Հայտնի է՝ մայիսյան տոներին Թուրքիայի փոխարեն որտեղ են պատրաստվում հանգստանալ ռուսաստանցիները
Մայիսյան տոներն արտասահմանում անցկացնել պատրաստվող ռուսաստանցիների հիմնական ուղղությունները կլինեն Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալդիվները և Սեյշելյան կղզիները, նշվում է ճանապարհորդությունների կազմակերպման Rs TLS ընկերության հետազոտության մեջ, գրում է ria.ru-ն։
«2021-ի մայիսյան տոներին ձևակերպված ուղեգրերի քանակով առաջատար է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ռուսաստանցիների համար այս տարվա գարնանը երկրորդ ամենատարածված ուղղությունը Մալդիվներն է, երրորդ տեղը, ինչպես և ամանորյա տոներին, պահպանում է Սեյշելյան կղզիները՝ ռոմանտիկների շրջանում ամենահայտնի վայրերից մեկը»,- պարզել են հետազոտության հեղինակները՝ ուսումնասիրելով 2021 թվականի մայիսյան տոներին ընդառաջ հաճախորդների շրջանում զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի դինամիկան:
Նշվում է, որ համաճարակաբանական իրավիճակը չի ազդել ռուսաստանցիների զբոսաշրջային նախասիրությունների վրա և նրանք հիմնականում նախընտրում են ծովափնյա հանգիստը։
Ըստ հաղորդման՝ այս տարի մայիսյան տոներին ռուսաստանցիները չեն կարողանա ուղևորվել Թուրքիա, քանի որ այդ երկրի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակված է։