Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին․ ԱՄՆ դեսպան
Տարածաշրջանի բոլոր երկրներին համար ձեռնտու կլինի Հայաստանում և Թուրքիայի հաշտեցումը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Կարծում եմ, որ ճիշտ եք նկատել այն փաստը, որ վաղուց կար հետաքրքրություն Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման և տարածաշրջանում ավելի լայն հաշտեցման խթանման հարցում. դա ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին: Սա շատ կարևոր խնդիր է: Բայց միևնույն ժամանակ պարզ է նաև, որ կան որոշ անմիջական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հետկոնֆլիկտային իրավիճակից ելնելով: Սա մի հարց է, որտեղ Մինսկի խումբը կարող է շատ կարևոր դեր ունենալ։ Բայց կան, ինչպես ես ասացի, շատ պարզ, անմիջական խնդիրներ, որոնք, հուսանք, պետք է լուծվեն Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կարողանանք հասնել հաշտեցման ավելի մեծ խնդրին»,– ասել է դեսպանը:
Խոսելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանության իրավական ասպեկտի մասին՝ Լին Թրեյսին ասել է, որ իրավական տեսանկյունից ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։
«Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետևանքների առումով», - ասել է դեսպանը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, Թրեյսին նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ «Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն», - ասել է դեսպանը: