Հաղթական. Ալիևն ընտանիքի հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներ (լուսանկարներ, տեսանյութեր)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի` Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողությանն անցած Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններ: Մեհրիբան Ալիևան այցից տեսանյութեր ու լուսանկարներ է տեղադրել Instagram-ի իր էջում:
«Բասիտչայը Զանգելանի գեղեցիկ բնության մի մասն է: Բասիտչայը և հնագույն սոսին: Մենք վերադարձել ենք այս հողեր, դրանք ետ ենք գրավել թշնամուց: Այսուհետ ադրբեջանցի ժողովուրդը հավերժ կապրի այս հողերի վրա: Ղարաբաղն Ադրբեջան է»,-տեսանյութերից մեկու ասում է Ալիևը:
Ազատագրված տարածքներ կատարած այցի ընթացքում Ալիևը մասնակցել է գյուղերից մեկում «Խելացի գյուղ» ծրագրի հիմքի տեղադրման արարողությանը:
Զանգելանի շրջան կատարած այցի ժամանակ նա հայտարարել է, որ այստեղ երկաթգիծ է եղել և «հայերը ապամոնտաժել են այն»:
«Նրանք վաճառել են ռելսերի մի մասը, իսկ մյուսից հակատանկային ամրություններ են կառուցել: Մենք նորից կկառուցենք երկաթուղին: Այս աշխատանքը սկսվել է, և որոշ ժամանակ առաջ ես առաջին քարն եմ դրել Հորադիզ-Աղբանդ երկաթուղու հիմքում`Հորադիզ գյուղում»:
Ադրբեջանի նախագահի խոսքերով` այս երկաթգիծը Զանգեզուրի միջանցքով միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ.
«Փաստացիորեն, Զանգելանի շրջանը աշխարհագրորեն տեղակայված է Արևելյան Զանգեզուրի շրջանում և կկապի Արևելյան Զանգեզուրը Արևմտյան Զանգեզուրի հետ և երկաթգիծ կբացի դեպի Նախիջևան: Կբացվի նաև ավտոմոբիլային մայրուղի»,-հայտարարել է Ալիևը: