Անկախ նրանից, թե ինչ իրավական շարունակություն կունենա Բայդենի հայտարարությունը ԱՄՆ-ում, այն արդեն միջազգային իրավահարաբերություններում կարևոր գործոն է. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը, բնականաբար, քաղաքական գնահատական է և ունի քաղաքական շարժառիթներ: Այն արդյունք է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի, որի հիմքում Թուրքիայի՝ քաղաքակիրթ աշխարհի համար սպառնալիք համարվող ծավալապաշտական գործողություններն են: Իսկ վերջինիս պատճառը նրա՝ նախկինում իրականացրած նման գործողություններին համարժեք գնահատականի չարժանացնելն է եղել:
Պատահական չէր Ջո Բայդենի այն հայտարարությունը, որ նման ոճրագործություններն ապագայում չկրկնվելու համար են արվում: Անկախ նրանից, թե ինչ իրավական շարունակություն կունենա Բայդենի հայտարարությունը ԱՄՆ-ում, այն արդեն միջազգային իրավահարաբերություններում դարձել է կարևոր գործոն:
Ցեղասպանության ճանաչման որոշումը գործուն միջոց է Էրդողանի ցնորամիտ գաղափարները կյանքի կոչելուն խանգարելու համար: Գերտերության այս գործողությունն ուղենիշ կլինի նաև մյուս ազդեցիկ պետությունների համար՝ Թուրքիայի հետ հարաբերվելիս: Առաջնայինը, սակայն, մեզ համար այն է, որ կատարվել է ևս մեկ մեծ քայլ հայ ժողովրդի ու մարդկության դեմ գործած ոճրագործությունը ճանաչելու, համարժեք գնահատական տալու և մինչև այսօր նման գործելակերպի շարունակվող քաղաքականության կանխման ուղղությամբ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։