Մարությանին չեն մտահոգում հրդեհները․ ԱԻՆ փրկարար ծառայությունում անհամապատասխանություններ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություն է իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը որոշ անհամապատասխանություններ է հայտնաբերել: Մեզ հայտնի դարձավ, որ Երևանի 6 վարչական շրջաններում հրշեջ մեքենաների թիվը 27-ով պակաս է քաղաքաշինության նորմերով սահմանված քանակից, իսկ Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում հրշեջ-փրկարարական ջոկատներ տեղակայված չեն, մինչդեռ Երևանը 200 հազարից ավելի բնակչությամբ քաղաք է, հրշեջ ավտոմեքենաների և հաշվարկների թիվը պետք է լինի յուրաքանչյուր 20 000 բնակչի հաշվով 1 մարտական հաշվարկ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կանչերի արձագանքն իրականացվել է հարևան վարչական շրջաններից: Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում համապատասխան տարածքներ կամ անշարժ գույք հատկացնելու խնդրանքով, սակայն նախարարությանն ի պատասխան՝ նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանը գրությամբ տեղեկացրել է, որ քաղաքի՝ սեփականություն հանդիսացող գույքի կազմում հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման նպատակով համապատասխան տարածքներ առկա չեն: Ասել է թե՝ քաղաքապետը մերժել է, ու տպավորություն է, որ Մարությանին չեն մտահոգում հրդեհները»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։