Իլհամ Ալիև. Մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ
Ներկայումս մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը Ասիան Եվրոպայի հետ կապող Արեւելք-Արեւմուտք միջանցքի բաղկացուցիչ մասը կդառնա: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանի ժամանակ, հաղորդում է AzerTAc-ը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարեւոր ներդրում է ունեցել տարածաշրջանային այնպիսի նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են Արեւելք-Արեւմուտք, Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արեւմուտք տրանսպորտային միջանցքները. «Ներկայումս մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որն Ասյան Եվրոպայի հետ կապող Արեւելք-արեւմուտք միջանցքի անբաժանելի մասը կդառնա: Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը՝ որպես Եվրասիայի տրանսպորտային եւ նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես հրավիրում եմ գործընկեր երկրներին Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանից՝ տարածաշրջանային այս նախագծի ներուժը քննարկելու համար»:
Նշենք, որ սա Ալիեւի առաջին հայտարարությունը չէ Զանգեզուրի վերաբերյալ: Օրերս ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին՝ արդյո՞ք «101 տարի անց ադրբեջանցիները կվերադառնան Զանգեզուր», ասաց. «Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նախագահի հավակնությունները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ ուժ գործադրելու սպառնալիքները:
Նման հայտարարությունները լուրջ վնաս են հասցնում տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը: Դրանք բացահայտում են Ադրբեջանի՝ խաղաղության եւ հաշտության վերաբերյալ վերջին հայտարարությունների կեղծ բնույթը: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղությամբ հետաքրքրված բոլոր մեր գործընկերների հետ: