«Ռուսաստանում կազմվում է ոչ բարեկամական պետությունների ցուցակ, որտեղ կընդգրկվի նաև ԱՄՆ-ն»․ Զախարովա
ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում ընդգրկված երկրներին կարգելվի դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին․ այդ ցուցակում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ria.ru-ն։
Նրա խոսքով՝ վերջնական ցուցակը հայտնի կդառնա կառավարության համապատասխան կարգադրության հրապարակումից հետո։ Փաստաթուղթը, ինչպես նշել է Զախարովան, պատրաստվում է տարբեր գերատեսչությունների կողմից:
Ընդ որում, նա ընդգծել է՝ նման քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով»։
«Պարզից էլ պարզ է, որ ամբողջ պատմությունը սկսվել է ԱՄՆ-ի բացարձակ ոչ բարեկամական գործողությունների հերթական շարքից՝ մեր երկրի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից և անհիմն կերպով ռուս դիվանագետների հերթական արտաքսումից հետո»,- նշել է Զախարովան: