Եվրոպայի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանի պարգեւատրման արարողությունը
2020 թվականի աշխարհի անհատական գավաթի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:
72 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը 1:4 հաշվով պարտվեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեին եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Գոտեմարտի ավարտին Ամոյանը երկար ժամանակ չէր հաշտվում իր պարտության հետ եւ ավարտը հայտարարող սուլոցից հետո մնացել էր գորգի կենտրոնում ծնկած: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած վրացի ըմբիշը մոտեցավ եւ գրկեց Ամոյանին՝ օգնելով բարձրանալ գորգից: Ամոյան - Բոլկվաձե նախորդ դիմակայությունում՝ 2021 թվականի Կիեւի մրցաշարի եզրափակիչն ավարտվել էր Մալխաս Ամոյանի հաղթանակով (9:1):
Եվրոպայի առաջնությունում Ամոյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթել էր խորվաթ Ալեն Ֆոդորին: Քառորդ եզրափակիչում 6:0 հաշվով ուժեղ էր գտնվել ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյից: Կիսաեզրափակիչում էլ Հայաստանի ներկայացուցիչը 6:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել լեհ Ռոման Պաչուրկովսկու նկատմամբ:
7 ներկայացուցիչով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմը ելույթներն ավարտեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալներով:
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց բելառուս Արտյոմ Կացարի հետ և վստահ հաղթանակ տարավ 1 րոպե 1 վայրկյանում՝ 8:0: Ռուդիկ Մկրտչյանն ապրիլի 23-ին պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 4։5 հաշվով պարտվել էր թուրք Էկրեմ Օզտուրկին։ Քանի որ Թուրքիայի ներկայացուցիչը նվաճել էր եզրափակիչի ուղեգրր, հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Հայաստանի երկրորդ բրոնզե մեդալն ապրիլի 25-ին նվաճեց Սլավիկ Գալստյանը՝ 67 կգ քաշայինների պայքարում: 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիրը 1 րոպե 56 րոպեում 9:0 հաշվով հաղթեց 2016 եւ 2018 թվականների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, մոլդովացի Դոնիոր Իսլամովին: Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Մասիկի նկատմամբ (8:0): Քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ հաղթել էր լիտվացի Էդգար Վենցկատիսին՝ 9:0: Եզրափակիչի ուղեգրի համար պայքարում Գալստյանը 4:5 հաշվով պարտվեց լեհ Մատեուժ Բերնատեկին: