Միջուկային գործարքին վերադառնալու համար ԱՄՆ-ն պետք է չեղարկի 1500 մարդու եւ ընկերության դեմ սահմանած պատժամիջոցները
Միջուկային գործարքին վերադառնալու համար ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները 1,5 հազար մարդու եւ ընկերության համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները բաժանվում են երկու տիպի. առաջինը ոլորտային պատժամիջոցներն են, ներառյալ՝ նավթի արտահանումը, բանկային եւ ապահովագրական ոլորտները, նավագնացությունը, նավթաքիմիան, շինարարությունն ու ավտոմեքենաների արտադրությունը; մյուսը՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցներն են:
Արագչին հայտարարել է, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցանկը ներառում է շուրջ 1,5 հազար դրույթ: «Սակայն մենք շարժվում ենք երկու ուղղությամբ, եւ բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն: Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ կա ըմբռնում»,-հավելել է նա: