Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է մարդու իրավունքների պաշտպանության առումով Ամերիկայի հանձնառության հարցում. Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ իր հայտարարությամբ արձանագրեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը՝ այն, ինչի համար տասնամյակներ շարունակ պայքարում էին ամերիկահայերը: Այս մասին գրում է Politico պարբերականը՝ ներկայացնելով այս քայլի կարևորությունը:
«Սա առաջին հայացքից հասարակ քայլ է, որն օրինական ուժ չունի: Սակայն դա համարձակ քայլ է Բայդենի համար, որն առաջ է գնացել այն շեմից, որը չէր հաղթահարել ոչ մի ամերիկացի նախագահ: Մինչ այս պահը նախագահները հրաժարվում էին պաշտոնապես կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ վախենալով Թուրքիայի բացասական արձագանքից: Բայդենի ճանաչումը կարևոր քայլ է ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ամերիկայի հանձնառությունը կատարելիս»,- նկատում է հոդվածագիրը:
Վերջինս նշում է, որ Ամերիկան կարևոր և դրական դեր է կատարել այս պատմական ողբերգության հարցում. «Ամերիկացի միսիոներները և դիվանագետները քրիստոնյա ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների մասին բարձրաձայնողների թվում էին»:
Ինչպես հոդվածագիրը շեշտում է ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության արձանագրումը բարոյական փոխհատուցում է, որն այդպես էլ չտեսան Ցեղասպանությունից հետո Ամերիկայում իրենց կյանքը վերագտած հայերը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիայի համար Ցեղասպանության ճանաչումը կարմիր գիծ էր, որը հատելը նշանակում էր սպառնալիք բոլոր տեսակի հարաբերությունների համար, ինչն էլ հետ էր պահում ԱՄՆ նախկին նախագահներին:
«Միևնույն ժամանակ Թուրքիան Էրդողանի օրոք իրեն դրսևորեց որպես անվստահելի դաշնակից: Դա Բայդենին հնարավորություն տվեց կատարելու իր նախընտրական խոստումը և ճանաչեու Հայոց ցեղասպանությունը»,- նկատում է հեղինակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «Հայեց ցեղասպանություն» եզրույթը՝ նշելով, որ հայերի համակարգային բնաջնջումը կազմակերպել են օսմանյան իշխանությունները: