«Քարվաճառը լքեցինք, համոզված, որ մի օր հետ ենք գնալու». 20-ամյա հրետանավոր (Լուսանկարներ)
Պատերազմի մասնակից 20-ամյա Արգիշտի Հովհաննիսյանը Թալինի իր տանը Քարվաճառից մի կտոր է պահում:
2 տարվա ծառայությունից հետո հարազատ դարձած Քարվաճառիը լքելիս հետը մի բուռ հող է վերցրել, այն նպատակով, որ այն իր տեղը վերադարձնի:
«Ամենածանր պահն, որ ստիպված եղանք առանց մի կրակոցի հանձնել Քարվաճառն ու հեռանալ: Ոչ մեկ չէր ուզում լքել զորամասը, ո΄չ զինվորները, ո΄չ հրամանատարները: Բոլորս դուրս եկանք, մտածելով, որ մի օր անպաման վերադառնալու ենք»,- ասում է, Արգիշտին, որի ձայնում այնքան վստահություն կա, որ ինքդ էլ սկսում ես հավատալ:
Արգիշտին կոտրված է. Քարվաճառն Ադրբեջանին է առանց կրակոցի: Հրետանավորը պատմում է, որ պատերազմի 44 օրերի ընթացքում իրենք հակառկորդի առաջխաղացման բոլոր փորձերը ձախողել են:
«Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան հակառակորդի անօդաչու թռչող սարքերից ենք իմացել, որ պատերազմ է սկսվել: Առաջինը իրենք սկսեցին հարվածել զորամասին, հետո նոր դիրքերին հարվածեցին: Նաեւ փորձել են կենդանի ուժով հարձակվել, բայց անհաջողության են մատնվել: Դրանից հետո հարձակումները քչացան եւ 20 օր անց արդեն միայն անօդաչու թռչող սարքեր եւ ավիացիա կիրառելով էին հարձակվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արգիշտը:
Հրետանավորը պատմում է, որ օդային հարվածների ժամանակ իրենք ոչ մի բանով չէին կարողանում հակազդել. «Մեզ մնում էր խրամատում նստած աղոթել, որ մեզ չկպնի: Փառք Աստծո, այդ հարվածներն այդպես էլ մեզ չհասան»: