Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում։
Ինչպես ներկայացնում է DiarioVoasc պարբերականը, Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության անձնակազմն այցելել են Սան Սեբաստիան քաղաքում գտնվող հուշակոթող և ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարի մոտ։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, տեղի քաղաքական կուսակցությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հարցազրույց է տվել տեղի հեռուստաալիքներին՝ խոսելով Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորության մասին։
Ոգեկոչման արարողությունը տեղի է ունեցել «Բուեն Պաստոր» հրապարակի այգում, որտեղ հայ համայնքը 2017 թվականին խաչքար հուշակոթող է տեղադրել: