Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ գերիներին. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ուղերձը. 1lurer.am (Տեսանյութ)
ՕՐ 1- Հայ ռազմագերիների, գերեվարված այլ անձանց և տեղահանվածների» հարցը մտավ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի երկրորդ օրվա լիագումար նիստի օրակարգ: Բաքուն դեմ էր, Ռուսաստանի պատվիրակությունն էլ դեմ և ձեռնպահ քվեարկեց, բայց պարզվեց տեխնիկական խնդրի պատճառով:
Սերգեյ Պախոմով- ՌԴ Պետդումայի պատգամավոր- Ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունն ունեցել է տեխնիկական խնդիրներ, որի պատճառով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։
Նստաշրջանի առաջին օրն ավարտին հայ պատվիրակները հիշեցրին՝ կառույցը մարդու իրավունքների պաշտպանն է. այստեղ քաղաքականությունը տեղ չունի:
Սոս Ավետիսյան - ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ- Քանի դեռ մենք այստեղ խոսում ենք, երեք տարեկան բաքվեցի աղջկան իր հայրը տանում է այս ահասարսուռ թանգարանը, որտեղ նա պետք է սովորի ատել իր հարևանին միայն հայ լինելու համար։
Էդմոն Մարուքյան- ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ- Խնդրում եմ, մի րոպե տրամադրեք այս լուսանկարների համար: Դրանք անցյալից չեն, մեր օրերում են արվել, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնում է որպես նորմալ վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ: Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը:
ՕՐ 2- Հիբրիդային քննարկմանը միացավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հիշեցրեց Գերմանիայի նախկին ղեկավար Կոնրադ Ադենհաուերի խոսքը, ըստ որի Եվրոպայի խորհուրդը Եվրոպայի խիղճն է: Այս նկատառումը պատվիրակներին դուր եկավ, հատկապես որ հենց երկրորդ օրը քննարկվեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Նաիրա Զոհրաբյանի համար զարմանալի է, թե ինչու են փոխվել Եվրոպայի առաջնահերթությունները. մի՞թե Բաքվի այդ ֆաշիստական ցուցահանդեսը ԵԽԽՎ գերակա հարցերից մեկը պիտի չդառնար:
Նաիրա Զոհրաբյան- ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ- Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչև հիմա Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները:
Վլադիմիր Վարդանյան- ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ- Եկեք հարցնենք իրար՝ արդյոք մենք դեռ Եվրոպայի խիղճն ենք, արդյոք մենք անկեղծ ենք իրար հետ և արդյոք դեռ լավագույն կառույցն ենք: Մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում: Մենք ասում ենք նրանց կյանքը վտանգված է, նրանք տանջանքի են ենթարկվում: Սա քաղաքական հարց չէ, սա մարդու իրավունքների հարց է: Նրանց իրավունքները պետք է հարգել:
Հայ գերիների հարցը չքաղաքականացնելու կոչին միացան եվրոպացի պաշտոնյաները: Ավստրիացի պատվիրակն ադրբեջանցի գործընկերներին հորդորեց չքննարկել, թե երբ են գերեվարվել հայերը . անկախ նրանից, դա եղել էր պատերազմից առաջ, թե հետո, նրանք պետք է տուն գան: Հայաստանի հարցերի ֆինլանդացի համազեկուցողն էլ ուշադրություն է հրավիրում մարդասիրական օրենքի գերակայության վրա:
Կիմո Կիլյունեն- ԵԽԽՎ պատվիրակ, Ֆինլանդիա- Լեռնային Ղարաբաղում կատարվածը մարդասիրական աղետներից ամենաողբերգականն է: Այո, գերիներին պահելը չի նպաստում վստահության մթնոլորտի ստեղծմանը: Բայց կարևոր է նաև մշակութային ժառանգության պահպանումը:
Փոլ Գավան- ԵԽԽՎ պատվիրակ - ՄԹ- ՄԻԵԴ-ի զեկույցի համաձայն՝ 188 հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ադրբեջանական կողմը ձախողել է գործընթացը՝ ժամանակին այս մարդկանց վերաբերյալ տեղեկություն չտրամադրելով կամ սահմանափակ տրամադրելով: Ըստ հայ ռազմագերիներին բռնության ենթարկելու վերջին վստահելի վկայությունների՝ մտահոգիչ է նաև այդ մարդկանց ճակատագիրը:
Հայ ռազմագերիների հարցի քննարկումն ամբողջացնելու համար հայկական պատվիրակությունը փաստեր է ներկայացնում, մեջբերում ադրբեջանցիների ատելության խոսքից հատվածներ:
Ռուբեն Ռուբինյան-ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար- Երբևէ տեսե՞լ էիք Մադամ Տյուսոյի թանգարանի իրական վերարտադրություն: Այո՛, սա իրական կյանք է և, հարգելի գործընկերներ, Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել: Նրանք ինստիտուցիոնալիզացրել են ատելությունը հայերի նկատմամբ: Հայ ռազմագերիներին և այլ գերեվարվածներին Ադրբեջանը պետք է վերադարձնի: Սա պարտադիր է, սա պարտավորություն է, և սա պետք է տեղի ունենա: Եվ, հուսով եմ, երբ այս բանավեճն ավարտվի, և բոլորդ վերադառնաք ձեր առօրյա կյանքին, կամ վերադառնաք քննարկելու այլ կարևոր, բայց, գուցե, պակաս ծանր հարցեր, դուք ժամանակ կգտնեք՝ մտածելու այն հարյուրավոր հայ երիտասարդ տղաների մասին, որոնք պահվում են որպես պատանդ մի երկրում, որտեղ նրանց ատում են:
Երկրորդ օրն ավարտվեց առանց որևէ բանաձևի ընդունման: Ամփոփիչ հայտարարություն նույնպես չկար: Ընթացակարգի պահանջն էր:
ՕՐ 3- Ապրիլի 22-ին ԵԽԽՎ կայքում հրապարակվեց գերիների հարցի առաջին համատեղ հայտարարությունը՝ հիմնված անկախ փորձագետների, երկու կողմի, համազեկուցողների ներկայացրած փաստերի վրա:
Եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է բոլոր պահվող անձանց փոխանակումը՝ առանց տարբերակելու կարգավիճակը, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց։ Ընդունելով ՄԻԵԴ-ի մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարած 188 հայի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որ բոլոր հայ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն ու հանձնվեն Հայաստանի իշխանության խնամքին:
Սա ԵԽԽՎ նստաշրջանի շոշափելի արդյունքն էր, որ հստակ ուղերձ ուներ Ադրբեջանի իշխանությանը: Եվրոպական միտքը շարունակեց Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերի պետնախարար Միխայել Ռոթը: Ադրբեջանցի Հուսեյնովի իրենց հուզող հարցերին՝ գերմանացի պետնախարարը միանգամից հակադարձեց՝ ավելի կարևոր խնդիրներ կան:
ՕՐ 4
Միխայել Ռոթ- Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի հատուկ ներկայացուցիչ/Գերմանիա- Նախևառաջ, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:
Հին աշխարհամասի նոր պահանջներից Բաքվում դժգոհ են. պաշտոնական հայտարարություններ այս կապակցությամբ այդպես էլ չեղան: