Թուրքիայում հայկական ունեցվածքի ճակատագիրը. դատական գործընթացները շարունակվում են
Թուրքիայի ամենահայտնի շինություններից է: Մինչև Էրդողանի իշխանության գալը գրեթե բոլոր նախագահների նստավայրն էր: Տասնամյակներ շարունակ հենց այս պատերի ներսում են տեղի ունեցել նախագահական բոլոր հանդիպումները:
Ցեղասպանության տարիներին շենքը խլել էին Հովհաննես Քասաբյանների ընտանիքից, մեծ մասին էլ կոտորել: Քասաբյանները Անկարայի մեծահարուստներից էին, «Անգորա» տեսակի այծի թանկարժեք բուրդ էին արտահանում Անգլիա:
Քասաբյանները Անկարայում 2 առաձնատուն ունեին: Մեկը Չանքայայի պալատն էր, մյուսն էլ Թուրքիայի հանրապետություն հռչակվելուց հետո տրվեց հայտնի բանկերին: Այս մասին բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի խոսում: Թուրքիայի Մեջլիսի շենքը ևս հայկական հողում է, Թուրքիայի պետական բանկը՝ նույնպես: Հայկական տարածքում է նաև թուրքական ամենամեծ հոլդինգներից մեկը:
Սա էլ 1881 թվականին կառուցված Կարինի հայկական կրթական կենտրոն է՝ Սանասարյան վարժարանի շենքը, որ վերածվել էր Աթաթուրքի և Էրզրումի կոնգրեսի թանգարանի, այսօր էլ ազգային պալատների վարչության կենտրոնն է: Հայերի ձեռքից խլելուց հետո Աթաթուրքն այստեղ 1919-ի հունիս-օգոստոսին անցկացել է Էրզրումի կոնգրեսը:
Թուրքիայում հայկական հողերի վրա են կառուցվել նաեւ Դիարբեքիրի ու Ինջիրլիքի ռազմական օդանավակայանները: Ի դեպ, հենց Ինջիրլիքում են տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը:
Թուրքիայում հայկական գույքը տասնյակ հազարներով կարելի է հաշվել: Իզմիրից՝ Ստամբուլ, Տրապիզոնից՝ Անկարա: Հայերի ունեզրկումն ու թալանը համակարգված էր իրականացվում:
Հայերից հետագայում պարտքուպահանջ չունենալու, կողոպուտը օրինականացնելու համար, հաճախ հայ աղջիկներին էին կնության առնում:
Հայերի ունեցվածքի մասին մեծ հետազոտություն է արել թուրք իրավապաշտպան Սայիդ Չեթինօղլուն: Ձեռքի տակ է հայերի գույթի մասին մի մեծ տրցակ: Ասում է՝ Թուրքիայում հայկական հետքն այս տարիներին փորձել են ջնջել, բայց չի հաջողվել:
Թուրքիայի 4 կողմում՝ Իզմիրում, Անկարայում, Ստամբուլում, Տրապիզոնում Աթաթուրքի տներ ու թանգարանենր կան, դրանք որոշ բացառություններով, հիմնականում հայկական կալվածքներ են: Շատերը գիտեն, որ դրանք հայկական են: Մալաթիայի հայկական թաղամասում շենքերը վաճառվել են, փաստաթղթեր կան, երևում է, թե ումից են գնել: Բացի այդ, Մալաթիայում հայկական գերեզմանաքարերով թանգարան է կառուցվել: Քարերի վրայից հայկական գրությունները ջնջել են: Բայց որոշ տեղերում պահպանվել է:
Թուրքիայում հայկական գույքի վերադարձման առումով փոփոխություն նկատվեց տարիներ առաջ, երբ այդ պետությանը հայտ էր ներկայացրել անդամակցելու Եվրամիությանը: Այդ շրջանում դատարանում մեծ թվով գործեր քննվեցին, բայց թուրքական ձեռագիրը նույնը մնաց: Կալվածատերերի համար անվերջ քաշքշուկներ առաջացրին:
Թուրքիայի կառավարությունը 1983, 2001 և 2006 թվականների հրամանագրերով հայերի համար մեկ այլ ծուղակ էլ լարեց: «Ազգային անվտանգության շահերի պաշտպանության» պատրվակով արգելել է տրամադրել 1924-ի օգոստոսից հետո կնքված կադաստրային փաստաթղթերը:
Սովորաբար հայ կալվածատերերի դատական գործընթացները տասնամյակներ են տևում: Թուրքիայի դատարաններում այս գործերը հիմնականում մերժվում են: Եվրոպական ատյաններում ևս գործը դժվարությամբ է առաջ գնում: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը վստահ է՝ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս տարի ցեղասպանություն բառն արտաբերի, դատական գործընթացներում շատ բան կարող է փոխվել: