Nissan X-Trail-ը Հրազդան կիրճում տապալել է էլեկտրասյունը և կողաշրջված հայտնվել Հրազդան գետում. կա 4 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բազալտ–բետոնե պատվանդանին, կոտրել այն և կոտրված էլեկտրասյան հետ կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, դուրս են բերվել գետից և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: