Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը
Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, հպարտության առիթներ տվեց հայ երկրպագուներին՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն:
Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նժույգի թափեր վարժությունում Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց 14.266 միավորով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 18-ամյա Գագիկ Խաչիկյանը 14.033 միավորով գրավեց չորրորդ տեղը:
ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 25-ին, Արթուր Դավթյանը հանդես կգա նաև հենացատկի վարժության եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։