«Տատս ինձ սովորեցրել է չվախենալ մարդկանցից, բացառությամբ նրանցից, որոնց ձեռքին յաթաղան կա». Մարգարիտա Սիմոնյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ
Ռուսական RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
««Աշխարհում ինչքան մարդ կա, այնքան էլ հիմարի տեսակ կա»,-ասում էր նենեգաս (նախատատ-Խմբ.) Նարտուհի Ներսեսյանը: Նա կարդալ և գրել չգիտեր, բայց ինձ սովորեցրել է աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից, գրեթե բոլորից: Բացառությամբ նրանց, որոնց ձեռքին յաթաղան կա:1915 թվականին նրա աչքի առաջ յաթաղաններով գլխատել են նրա ծնողներին, եղբայրներին և քույրերին: Ավագ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից` իրեն ցած նետելով տրապիզոնյան բարձր ափից և խեղդվելով:
Ողջ մնացին իմ մեծ տատը՝ Նարտուհին և նրա կրտսեր քույրը՝ Ալիսան, նրա պատվին հետո անվանեցին կրտսեր քրոջս: Մահից առաջ նրանց հայրը հասցրել է նրանց մեկական ոսկի տալ, որը մեծ տատս թաքցրել էր այտի ետևում:
Նրանց երկուսին էլ, որոնք կապուտաչյա էին և բաց գույնի մաշկ ունեին, վերցրել են թուրք ընտանիքները. գեղեցիկ աղջիկներին ողջ են պահել՝ ամուսնացնելու համար՝ արյունը մեղմացնելու համար:
Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչև ողջ մնացած հարազատները գտել են Նենեգային և օգնել են փախչել Ղրիմ:
Երկրորդ մեծ տատս Ցեղասպանության ժամանակ մոտ հինգ տարեկան էր: Նախքան յաթաղանով մարդկանց տուն մտնելը, նրա ծնողները նրան փաթաթել էին գորգի մեջ և հենել պատին:
Նա կանգնած էր այնտեղ և լսում էր` ինչպես են սպանում իր բոլոր հարազատներին: Իսկ այդ ժամանակ ընտանիքները մեծ էին, և նա այդքան երկար կանգնած էր:
Նրան այդպես էլ չեն նկատել: Նա կանգնած էր այդ գորգի մեջ, մինչև յաթաղանները հեռացան, և հարևանները ՝ թուրքերը, նրան հանեցին:
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո օսլայված վարագույրները, քո ռուսական ոչ ճիշտ խոսքը և այն ամենը, ինչ ինձ պատմել ես:
Եվ ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ: