«Ասա՛ ճշմարտությունը, Սքոթ Մորիսոն». Սիդնեյում հայկական համայնքը Ցեղասպանությունը ճանաչելու կոչով ակցիա է կազմակերպել` դիմելով երկրի վարչապետին (տեսանյութ)
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում մեկնարկել է հայկական համայնքի կողմից կազմակերպված ակցիան, որի մասնակիցները կոչ են անում երկրի կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակցիան կազմակերպվել է այն բանից հետո, ինչ վարչապետ Սքոթ Մորիսոնը Ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ հրապարակած իր ուղերձում կրկին հրաժարվել էր օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:
Բողոքի ակցիայի մասնակիցները դիմել են կառավարությանը՝ կոչ անելով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն: Նրանք հանդես են եկել նաև կոչերով՝ «Ասա՛ ճշմարտությունը, Սքոթ Մորիսոն», «Այո՛, դա ցեղասպանություն է», «Այլևս երբե՛ք» և այլն:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: