Սպառնալիքը, որ թվում էր՝ մարել է, կարող է կրկին բռնկվել. կենդանի հիշողությունը պատմության ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է․ Ֆրանսիայի Սենատի նախագահը` Ցեղասպանության մասին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)
Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում, այստեղ անցյալն արձագանքում է ներկային, հուշահամալիրը մեզ սովորեցնում է ռազմական գործողությունները, եթե նույնիսկ դրանք հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն:
«Թող որ այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայրերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը, որը մարտահրավեր է նետում անցյալին: Սպառնալիքը, որը, թվում էր, մարել է, կարող է կրկին բռնկվել, կենդանի հիշողությունը պատմության ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է»,-ասաց նա:
Ժերար Լարշեի խոսքով՝ 1915-ից հետո բազմաթիվ հայեր, որոնք ստիպված էին արտագաղթել, ապաստան են գտել Ֆրանսիայում:
«Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական: 20 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենք՝ ճանաչելով 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը, դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ: Այս պատմությունը մեզ՝ եվրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք այն:
Վաղն առավոտյան մենք ֆրանսիայում պիտի հիշատակենք նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը: Բոլորով միասին պետք է հիշենք մարդակային արժանապատվության, ժողովրդավարական արժեքների մասին: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա: