Հայոց ցեղասպանության ճանաչումն այլընտրանք չի կարող ունենալ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․
«Ցեղասպանագիտության մեջ ընդունված տեսության համաձայն՝ ժխտումը ուղեկցում եւ հաջորդում է ցեղասպանության հանցագործությանը: Սրա դասական օրինակը Հայոց ցեղասպանությունն է: Մենք ականատեսն ենք, թե ինչպես Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետության իրավահաջորդը շարունակում է ամենատարբեր միջոցներով ժխտել ցեղասպանությունը՝ անգամ մեղադրելով զոհին: Ավելին՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ականատես եղանք, թե ինչպես հակահայկականության ալիքն ու ատելության խոսքն ավելի սաստկացան ինչպես Թուրքիայում եւ Ադրբեջանում, այնպես էլ՝ եվրոպական այն երկրներում, որտեղ կան թուրքական համայնքներ:
Այսինքն՝ ակնհայտ է, որ ցեղասպանության հանցագործության ժխտումը եւ դատապարտված չլինելու հանգամանքը հիմք են դառնում դրա շարունակականությանը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը։
«ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մի քանի ասպեկտներ ունի: Նախեւառաջ, դա հարգանքի տուրք կլինի անմեղ նահատակներին եւ առաջին հերթին ԱՄՆ-ում բնակվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների ժառանգներին: Ճանաչումը կունենա հստակ քաղաքական ուղերձ: Որպես գերտերություն ԱՄՆ ճանաչումը քաղաքականապես կազդի ինչպես Թուրքիայի, այնպես էլ բոլոր այն պետությունների վրա, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասում է նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։