Սկանդալային դեպք կառավարության առջև․ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը հայհոյել է Փաշինյանին. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս մի սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ կառավարության առջև։ Երբ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պաշտպանելու համար ոստիկանության տարբեր վարչություններից կառավարության շենքի մոտ են կանչել, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանը, մոտենալով կառավարության շենքին, սկսել է հայհոյել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Սուքիասյանը հայհոյախառը արտահայտություններ է արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որին ներկա են եղել բազմաթիվ ոստիկաններ: Մի հատվածը փորձել է հանդարտեցնել նրան՝ հայտարարելով, որ կառավարության շենքից կլսեն այդ ամենը, սակայն Սուքիասյանն անդրդվելի է մնացել ու շարունակել հայտարարել, որ ինքը արտահայտում է ոչ թե իր, այլ ամբողջ ոստիկանական համակարգի ներսի ցասումը:
Բանն այն է, որ նշված օրը՝ աշխատանքային ժամից հետո՝ 19.30-ի սահմաններում, հրահանգվել է «պաշտպանական» հավաք իրականացնել, ինչը հունից հանել է Վարդան Սուքիասյանին: Վերջինս նշել է, որ ոստիկանական ուժերն արդեն հոգնել են այս իրավիճակից ու այլևս չեն կարողանում այդ ձևաչափով աշխատել՝ ամեն վայրկյան «թիկունք» կանգնելով վարչապետի ընդդիմադիր թևին: Մենք տեղեկացանք, որ այս միջադեպի մասին տեղյակ են նաև իշխանական մի խումբ պատգամավորներ, որոնք պատրաստվում են Վ. Սուքիասյանին պատժել իր պահվածքի համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։