Ներքաղաքական նոր կոնֆիգուրացիաներ․ Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի կողմից «գործուղվում» է ընդդիմության դաշտ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո:
«Փաստ» թերթի տեղեկություններով` Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի կողմից «գործուղվում» է ընդդիմության դաշտ: Նա Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ մասնակցելու է ընտրություններին՝ «Առաքելություն» կուսակցությամբ:
Ըստ մեր աղբյուրների, այս ուժի հիմնական խնդիրը լինելու է հատկապես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հնարավորինս շատ ձայներ փախցնելը: Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցությունը հնարավորինս քիչ քվե ստանան ու հնարավորինս փոքրաթիվ կազմով ներկայացված լինեն խորհրդարանում:
Ընդհանրապես, իր օրավուր նվազող վարկանիշի ֆոնին Փաշինյանին ոչ պակաս անհանգստացնում է իր հակառակորդների աճող վարկանիշը: Մեր ունեցած տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը խոստացել է «Առաքելություն» կուսակցությանը, որ անկախ նրանից, որ այդ ուժը չի կարող անցնել խորհրդարան, իշխող ուժի հաղթանակի դեպքում Մանե Թանդիլյանը կվերադառնա Երևան ու նորից կզբաղեցնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, իսկ Մեսրոպ Առաքելյանն այլ պաշտոն կստանա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։