«Պարո՛ն նախագահ, ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը». հեղինակավոր միջազգային լրատվամիջոցները Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին ընդառաջ պատմական փաստի ճանաչում են ակնկալում
Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցները ողողված են ծավալուն հոդվածներով և անդրադարձերով, որոնք վերաբերում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից այս տարի Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման հավանականությանը: Լրատվամիջոցներն ու փորձագետներն ԱՄՆ ղեկավարին կոչ են անում հավատարիմ մնալ դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակահատվածում տված խոստմանն ու հաստատել հայերի նկատմամբ պատմական արդարությունը: Նրանցից շատերը համոզմունք են հայտնում, որ դեմոկրատ նախագահը, ի տարբերություն իր նախորդների, այս տարի պատրաստվում է ապրիլքսանչորսյան ուղերձում ի լուր աշխարհին կիրառել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը:
Ամերիկյան KTLA5 հեռուստաալիքն իր ռեպորտաժում նշում է, որ ներկայում Բայդենի նկատմամբ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման առանչությամբ մեծ ճնշում կա: Ոլորտի բազմաթիվ փորձագետներ հավատացած են, որ Բայդենն այս տարի իսկապես պատմական քայլ կկատարի: KTLA5-ի լրատվական ծառայության մեկնաբան Էլինա Աբովյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ բնակիչները Բայդենից պահանջում են կատարել իր խոստումը, որը նա տվել էր նախագահի թեկնածու եղած ժամանակ:
«Այնուամենայնիվ, նման քայլը կարող է էլ ավելի բարդացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները»,- նկատում է մեկնաբանը:
Newsweek պարբերականը հրապարակել է էսսեների հեղինակ Դենիել Չոլակյանի թեմատիկ հոդվածը:
«Արդյոք այս տարի ԱՄՆ-ն կնկատի՞ մեր կրած ծանր բեռը, մեր ընտանիքների ճշմարտությունն ու մեր պատմությունը: Մեր քվեների կարիքն ունեցող քաղաքական գործիչները միշտ խոստանում են, որ կանեն դա: Օրինակ՝ նրանք ասում են այսպիսի բաներ. «Ամերիկան արժանի է մի առաջնորդի, որը ճշմարտացիորեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին»: Եվ մենք նրանց անընդհատ տալիս ենք մեր վստահությունը, մեր ձայները և էներգիան, որովհետև ի՞նչ ընտրություն ունենք բացի հուսալուց: Միգուցե հույսը հիմարի թթվածինն է, բայց առանց դրա մեր կրակը կմարի: Բայց ամեն տարի նրանք ստում են: Նրանք անընդհատ ստում են մեզ և մեր մասին»,-գրում է հեղինակը:
Իսրայելական Jerusalem Post հայտնի պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և իսրայելական պետության կողմից այս պատմական փաստի ճանաչման կարևորությանը:
«Մեկ ու կես միլիոն հայ տղամարդ, կին և երեխա սպանվել է Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Այս իրադարձությունը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն: Չնայած Հոլոքոստից անմիջապես հետո ստեղծված երկիր լինելուն` Իսրայելում այս թեմայով շատ բան չեք լսի: Դա այն պատճառով է, որ հրեական պետությունը՝ այն մարդկանց տունը, որոնք տեսել են նացիստների կողմից ոչնչացված վեց միլիոն ազգակիցների սպանությունը, դեռ պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ սա փոխվի: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածի հիշատակի պաշտոնական օրն ապրիլի 24-ն է: Հինգշաբթի Սպիտակ տան աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել սպանդը որպես ցեղասպանություն, չնայած որ այդ քայլը, անկասկած, կբարկացնի Թուրքիային և էլ ավելի կխորացնի արդեն խարխլված կապերը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև: «Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը»,- հայտարարել էր Բայդենը և 2020 թվականի ապրիլին խոստացել ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրում է պարբերականը:
Ջո Բայդենը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, որը հայերի դեմ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած վայրագությունները կճանաչի որպես Ցեղասպանություն: Այս մասին գրում է The National-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, որը գաղտնիության սկզբունքով, հայտնել է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը ոգեկոչման 106-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ: «Բայդենի հայտարարությունն առաջին անգամ համաձայնության կբերի ԱՄՆ կառավարության գործադիր և օրենսդիր մարմիններն այս հարցի շուրջ»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Կոնգրեսը ճնշող մեծամասնությամբ ճանաչել է Ցեղասպանությունը 2019 թվականի դեկտեմբերին: Դրանից հետո երկու կուսակցության անդամները բազմիցս կոչով դիմել են Սպիտակ տանը՝ հետևելու իրենց օրինակին:
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Օսմանյան կայսրության կողմից Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կոտորածը պաշտոնապես կճանաչի որպես Ցեղասպանություն: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
«Ակնկալվող քայլը, մի բան, որը Բայդենը խոստացել էր անել թեկնածու եղած ժամանակ, կարող է հետագայում ավելի բարդացնել թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները: Վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչները չորեքշաբթիի դրությամբ Թուրքիային ոչինչ չեն տեղեկացրել, և Բայդենը դեռ կարող է փոխել իր միտքը»,- ասել է պաշտոնյաներից մեկը: Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ Բայդենը Ցեղասպանության ճանաչումը ներառի ոգեկոչման օրվան նվիրված ամենամյա հայտարարության մեջ, որով հանդես են գալիս նախագահները: «Բայդենի նախորդ գործիչները խուսափել են «ցեղասպանություն» եզրույթից՝ ոգեկոչելով պատմության այս մութ էջը»,- նկատում է պարբերականը:
The Fresno Bee ամերիկյան պարբերականը հրապարակել է ամերիկահայ վիպասան Քրիս Բոհջալյանի հոդվածը, որում հեղինակը գրում է.«ԱՄՆ-ի ոչ մի նախագահ երբևէ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին` վախենալով զայրացնել Թուրքիային, որը կատաղիորեն պնդում է, որ իրենց օսմանյան պապերի ու նախապապերի ձեռքերն արյունոտ չեն: Փոխարենը, ամերիկացի նախագահները միշտ գտել են հոմանիշներ, որոնք ավելի ականջահաճո են Թուրքիայի համար:Ես հավատում եմ, որ այս տարի կարող է այլ լինել: Քարոզարշավի ժամանակ, նախագահի թեկնածու Բայդենն ասել էր, որ սպանդը կկոչի «ցեղասպանություն»: Ես նրան ընկալում եմ որպես իր խոսքի տեր մարդ»:
Ամերիկյան հեղինակավոր Boston Globe պարբերականի թղթակից Սառա Լի Ուոթսոնը ծավալուն հոդված է հրապարակել` նշելով.«Քանի որ Կոնգրեսի երկու պալատներն արդեն իսկ վերահաստատել են Ցեղասպանության ճանաչումը, Բայդենը մեծ աջակցություն է վայելում՝ ամերիկյան կառավարության դիրքորոշումը պարզ դարձնելու հարցում: Նման քայլով Բայդենը կապացուցի այն փաստը, որ իր վարչակազմի համար մարդու իրավունքները առաջնահերթություն են: Նա կարող է օգնել, որ միջազգային հանրությունը ծաղկեպսակ դնի պատմության այս բծի վրա և ավելի լավ ապագայի հույս ունենա»:
Հեղինակավոր The Washington Post պարբերականի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշել է, որ «ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերը, անշուշտ, կուրախանան Բայդենի ծրագրած հայտարարությունից: Այսքան տասնամյակների թուրքական ժխտումից հետո նրանք տոնելու են 1915 թվականի սարսափելի իրադարձությունների արդարության և ճշմարտության հաստատումը: Բայց հուսով եմ, որ նրանք նույնպես կմտածեն այն մասին, թե ինչպես այժմ կամուրջներ կառուցել, որպեսզի օգնել Թուրքիային փրկվել իր պատմության սարսափներից»: