ԵՄ-ն նշել է ՌԴ-ի հետ լիարժեք երկխոսության համար իր պայմանը
Եվրամիության և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի լիարժեք երկխոսություն հնարավոր կլինի միայն Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի դրույթների լիարժեք իրականացման դեպքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Ռուսաստանի հետ կառուցվածքային բարձր մակարդակի երկխոսությունը կասեցվել է Եվրամիության կողմից 2014 թվականից Ուկրաինայում ռուսական ագրեսիայի և Ղրիմի անօրինական բռնակցման պատճառով: Մինսկի համաձայնագրերի լիակատար իրականացումը մնում է առանցքային ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ցանկացած փոփոխության համար»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանի և Եվրամիության միջև երկխոսություն անվտանգության հարցերի շուրջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի` եվրոպական երկրների տարածքում Ռուսաստանի «խափանիչ գործունեության» մասին հայտարարությունից հետո:
Ստանոն ավելացրել է, որ Ռուսաստանը, իր հերթին, «անընդհատ, հատկապես վերջերս, ցույց է տալիս, որ շահագրգռված չէ մասնակցել Եվրամիության հետ կառուցողական երկխոսությանը»: