Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվում այսպես կոչված «ավարի այգու» բացումը
Ռուսաստանը հույս ունի, որ Բաքուն և Երևանը կձգտեն հասնել հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե տարաձայնությունների ստեղծման: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվում այսպես կոչված «ավարի այգու» բացումը:
«Ինչ վերաբերում է այգուն, ապա մենք հուսով ենք, որ Բաքուն եւ Երեւանը կձգտեն հասնել հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե տարաձայնությունների ստեղծման…Նման գին է վճարվել…Ահռելի գին, մարդկանց կյանքեր…Պետք է օգտվել խաղաղ պահից, այլ ոչ թե այս պահն օգտագործել իրավիճակը սրելու համար…Այո, դա դժվար է՝ հատկապես զինված հակամարտությունից հետո: Շատ դժվար է այն հաղթահարել, այդ թվում՝ հոգեպես: Այս պահին կարեւորում ենք երկու կողմերի միջեւ վստահության ամրապնդումը, դրական տնտեսական օրակարգի ձեւավորումը, որն ունակ է ապահովելու հեռանկարները Անդրկովկասի կայուն զարգացման համար»,-ասել է Զախարովան:
Պատասխանելով այն հարցին, որ Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունները հարթելու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կողմ է «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով խնդիրների լուծմանը: