ԱՄՆ-ն օգնություն կուղարկի Ինդոնեզիա՝ կորած սուզանավի որոնման համար
ԱՄՆ-ն կուղարկի իր օդային միջոցները՝ ինդոնեզական սուզանավը հայտնաբերելու համար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, գրում է RT-ն:
«Ինդոնեզիայի կառավարության հրավերով մենք օդային միջոցներ ենք ուղարկում՝ օգնելու գտնել կորած սուզանավը»,- գրել է Քիրբին թվիթերյան իր էջում:
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրույց է ունենալու Ինդոնեզիայի իր գործընկեր Պրաբովո Սուբիանտոյի հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել Ինդոնեզիային:
Հիշեցնենք, որ KRI Nanggala 402 սուզանավի հետ կապն ընդհատվել էր ապրիլի 21-ին, Բալի կղզու մոտակայքում վարժանքների ժամանակ սուզվելու թույլտվություն խնդրելուց մեկուկես ժամ անց:
Նշվում է, որ սուզանավը կառուցվել է այնպես, որ կարողանա դիմակայել ջրի ճնշմանը առավելագույնը մոտ 250 մետր խորության վրա: Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ղեկավար Յուդո Մարգոնոյի խոսքով՝ սուզանավի թթվածինը բավարար կլինի մինչև շաբաթ առավոտ: