«Բարսելոնայի» նախագահ. Անհրաժեշտություն էր Սուպերլիգային միանալը, այն պետք է դառնա գրավիչ մրցաշար
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է եվրոպական Սուպերլիգայի ստեղծման հետ կապված իրավիճակը՝ չհրաժարվելով նախագծի գաղափարից։
«Մեծ ակումբները պետք է իրենց կարծիքը հայտնեն եկամուտների բաշխման հարցում։ Մենք աջակցում ենք ազգային լիգաներին եւ ցանկանում ենք խոսել ՈւԵՖԱ–ի հետ։
Անհրաժեշտություն էր Սուպերլիգային միանալը, բայց ամեն մասնակից ունի վերջին խոսքի իրավունք։ Մեծ ակումբները շատ ներդրումներ են անում, եւ մենք պետք է մասնակցենք ֆինանսների վերաբաշխմանը։
Սուպերլիգան պետք է դառնա գրավիչ մրցաշար։ Մենք պատրաստ ենք բաց երկխոսության ՈւԵՖԱ–ի հետ։ Կարծում եմ՝ մեր միջեւ կլինի փոխըմբռնում։ Ավելի շատ միջոցներ են պետք, որպեսզի լինի շոու»,– Լապորտայի խոսքը մեջբերում է իսպանական Marca–ն։
12 ակումբներից Սուպերլիգայից հրաժարվելու մասին չեն հայտարարել «Յուվենտուսը», «Ռեալը» եւ «Բարսելոնան»։
Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալն» ու «Տոտենհեմը» դուրս էին եկել նախագծից ապրիլի 20-ին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Միլանն» ու «Ինտերը»՝ ապրիլի 21-ին։
Եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նախագծի դադարեցման մասին։ Նրանք մտադիր են փոխել մրցաշարի ձևաչափը: