«Նա չէր կարծում, որ Ալեքսի կողքին մնալը լավագույն տարբերակն է իր համար». Ջեյ Լոյի և նրա նախկին փեսացուի բաժանման վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել
Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, իր ինստագրամյան էջում շնորհավորել է դստեր 13-րդ տարեդարձը՝ համապատասխան տեսանյութում ներառելով նաև Լոպեսի մասնակցությամբ լուսանկար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Դերասանուհու ընկերներից մեկն ասել է, որ Լոպեսի և Ռոդրիգեսի հարաբերություններում, մինչև նշանադրությանը վերջ տալու մասին պաշտոնական հայտարարությունը, անվստահություն է եղել և հավելել, որ բազմաթիվ անլուծելի խնդիրներ են ի հայտ եկել։
Աղբյուրը նշել է նաև, որ, նոր The Sհotgun Wedding ֆիլմի նկարահանումների ընթացքում Ալեքս Ռոդրիգեսը մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն՝ իրենց հարաբերությունները կարգավորելու, քանի որ չէր կարող շրջանցել վստահության պակասը, սակայն «Ջենիֆեր Լոպեսը չէր կարծում, որ Ալեքսի կողքին մնալը լավագույն տարբերակն է իր համար»։
Զույգի բաժանումը, ըստ աղբյուրների, դժվար է եղել նաև երկուսի երեխաների համար, որոնք ապրում էին զույգի հետ։
«Նրանք հատկապես տխրել են երեխաների համար, քանի որ նրանք շատ մտերիմ էին», - հավելել է դերասանուհու ընկերը և ասել, որ նման դժվար ժամանակներ Լոպեսը նախկինում ևս ապրել է և կարողացել է հաղթահարել դրանք:
Ալեքս Ռոդրիգեսի հրապարակած տեսանյութում ներառված են բազմաթիվ կադրեր և լուսանկարներ ընտանեկան շրջագայություններից, ինչպես նաև լուսանկարներ Ջենիֆեր Լոպեսի հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Լոպեսն ու Ռոդրիգեսը համատեղ հայտարարությամբ պաշտոնապես հայտնել են իրենց բաժանման մասին: Լոպեսն ու Ռոդրիգեսը, որոնք միասին են 2017 թվականից և արդեն 2 տարի է, ինչ նշանադրված էին, հայտնել են, որ չեղարկում են իրենց նշանադրությունն ու փորձելու են ընկերներ մնալ:
Հիշեցնենք, որ թանկարժեք նշանադրության մատանին Լոպեսի մոտ է, և նա այն պահում է տանը։