Վինձորի պալատ մտած կինը ներկայացել է որպես արքայազն Էնդրյուի հարսնացու․ նրան ձերբակալել են և տեղափոխել հիվանդանոց (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում մի անծանոթ կին մտել է արքայական նստավայրի տարածք և հայտարարել, որ արքայազն Էնդրյուի հարսնացուն է, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։
Իսպանիայի 44-ամյա քաղաքացին Մեծ Բրիտանիա է ժամանել ապրիլի 17-ին, երբ Վինձորի պալատում հուղարկավորել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսնուն՝ Էդինբուրգի նախկին դուքս արքայազն Ֆիլիպին։ Երկու օր անց կինը գնացել է արքայազն Էնդրյուի` Վինձորի ամրոցում գտնվող նստավայրի դարպասի մոտ և հայտնել, որ արքայազնի հետ հանդիպում ունի։ Պահակները նրան ներս են թողել և նույնիսկ տաքսու գումարը վճարել։
Տեսախցիկների ֆիքսած կադրերի համաձայն` կինը շուրջ 20 րոպե շրջել է պալատի այգում, ապա գնացել է գլխավոր մասնաշենք ու հարցրել արքայազն Էնդրյուին։ Երբ նրան հարցրել են, թե ով է, նշել է, որ նշանադրված է արքայազնի հետ և եկել է ամուսնանալու։
Կինը ձերբակալվել է գողություն կատարելու կասկածով, այնուհետև տեղափոխվել հիվանդանոց, համաձայն` 1984 թվականին ընդունված Հոգեկան առողջության մասին բրիտանական օրենքի։ Կնոջ մոտ հայտնաբերվել են ամրոցի և նստավայրերի տարածքային քարտեզներ։ Ձերբակալման պահին կինը պնդել է, որ իր անունն Իրեն է և նա նշանադրված է արքայազն Էնդրյուի հետ։
60-ամյա արքայազն Էնդրյուն թագուհու և արքայազն Ֆիլիպի 2-րդ որդին է, որը 2019 թվականին դադարեցրել է թագավորական ընտանիքի ավագ անդամի իր պարտականությունները։