Պատմության մեջ առաջին անգամ Perseverance մարսագնացին հաջողվել է թթվածին ստանալ Մարսի մթնոլորտից. ՆԱՍԱ (լուսանկար)
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աշխատակիցները թթվածին են ստացել Մարսի մթնոլորտից, որը 96 տոկոսով կազմված է ածխաթթու գազից:
Այս մասին ասվում է գործակալության կայքում:
Նշվում է՝ առաջին անգամ Perseverance մարսագնացը, որը փետրվարից ուսումնասիրում է Մարսի մակերևույթը, ածխաթթու գազը թթվածնի է վերածել՝ օգտագործելով MOXIE փորձարարական սարքը, որը տեղադրված է մարսագնացի վրա:
Երկու ժամ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո MOXIE-ն սկսել է թթվածին արտադրել ժամում 6 գրամ արագությամբ: Առաջին փորձի ժամանակ ՆԱՍԱ-ի մասնագետները ստացել են 5,4 գրամ թթվածին, որը բավարար կլիներ 10 րոպե շնչելու համար: Ընդհանուր առմամբ, MOXIE-ն կարող է 1 ժամում արտադրել մինչև 10 գրամ թթվածին:
ՆԱՍԱ-ի գիտության հարցերով փոխտնօրեն Ջիմ Ռոյթերը փորձարկումը որակել է «Մարսի ածխաթթու գազը թթվածնի վերածելու գործում առաջին կարևոր քայլ»:
«Մենք ավելի ու ավելի ենք մոտենում մեր նպատակին, այն է՝ մի օր մարդուն տեսնել Մարս»,- հստակեցրել է նա:
Ռոյթերի խոսքով՝ թթվածինը կարևոր է ինչպես մարդկանց շնչառության, այնպես էլ հրթիռային վառելիքի արտադրության համար:
«Հետագայում հետազոտողները պետք է Մարսի վրա վառելիք արտադրեն, որպեսզի կարողանան վերադառնալ Երկիր»,- շեշտել է նա: